Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

Armenpress 15:32, 24 Ապրիլ, 2024

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև Շիրակի մարզում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումները մեկնարկեցին թեմի եկեղեցիներում՝ հիշատակի պատարագներով, ապա Գյումրու «Բարեկամության» պուրակում քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։

Ինչպես միշտ, այս տարի ևս հիմնական հավաքատեղին Հերհերի կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Ջարդի ձորն էր, որտեղ, ըստ վկայությունների, 1918-21 թվականներին նահատակվել է ավելի քան 12 հազար բնակիչ:

Անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար Ջարդի ձորում էին Շիրակի և Լոռու մարզերի բնակիչներ, դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ:

«Մարդկության դեմ ուղղված այսօրինակ ոճրագործությունները դատապարտելի են, մենք հիշում ենք, խնկարկում, հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Մեծ Եղեռնը, սակայն պետք է ապրել, արարել, շենացնել մեր երկիրը, մեր աշխատանքով պետք է հզորացնենք մեր հայրենիքը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը։     

 

Արմենուհի Մխոյան

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am